Աբովյան Խաչատուր՝ Առաջին սերը
stringlengths 1
3.49k
|
---|
«Աստված ձեզ ի միասին ծերացնի, ծաղկացնի,— որ հալևորն էլ՝ բերանը բաց չարեց, խոսքը բերնումը մեռավ, Վանու խելքը կորավ: |
Չափիցը դուս ուրախությունն էլ մարդու կթմբրացնի, ուր մնաց տրտմությունը, որ մեկ րոպեից առաջ՝ նրա հոգին առել էր: |
— Քե՞զ էր, որ տեսա՝ այ իմ հրեշտակ՝ ո՞ւր եմ, ի՞նչ տեղ, էս ի՞նչ ձեն էր, որ անկաջս ընկավ. էս ի՞նչ շողք էր, որ երեսիս դիպավ, էս անմահական հոտը ո՞ւմ ձեոիցն էր, որ քաշեցի: |
Անիրա՛վ, սուտ երազ, ինչ ես ինձ տանջում, որ տեսածս՝ էլ ձեռիս չի՛ մնալ, երբ որ աչքս բաց անեմ, չէ՛, չէ՛, երկինքն՝ իմ օջոռքը, էս չիմանը, քարափը իմ դոշակը, ա՛չք՝ բաց չըլիք. ա՛րև՝ դուս չի՛ գաս: |
Ո՛վ սուրբ գիշեր՝ ծածկի՛ր երեսս, ծածկի՛ր, որ էլ վեր չկենամ, էս երազումը մնամ: |
Թո՛ղ՝ երազումը քո հասրաթն առնեմ՝ ա՜յ իմ հոգի, իմ արև, էլ օրը, էլ արեգակը, էլ աշխարքս՝ ինձ չե՛ն պետքը, չե՛ն: |
Վանին որ էսպես ուշագնա չէ՛ր խոսում, գիշերվա ժամի կոչնակը խփեցին, — թուլանար էդ ձեռքը, որ իմ հոգիս խառնեց, մուրազս կտրեց,— ասեց ու էնպես շշմած որ վեր չի՛ թռավ, ոտները մնաց գետնին կպած, որ Փարիխանն էր խտտել, գլուխը՝ մոր դոշին կպած, հերն ու հալևորը գլխին կանգնել՝ ձեն տվին: |
— Որդի ջան՝ ա՛չքի լիս. թե էդ էր քո մուրազը, մեզ ո՞ւր էիր սպանում, մեզ ու՞ր սաղ սաղ գերեզմանը տանում: |
Վե՛ր, վե՛ր՝ արևիդ մատաղ, թո՛ղ՝ քանի աչքս բաց ա, մեկ ձեր սերն էլ օրհնեմ, ձեր արևը ձենն ածելիս տեսնիմ, ձեր կարմիրի կապեմ, հետո հողը մտնիմ: |
Արդարն արդարին կսիրի, եթմին պտի սիրտն առնիս, օրն ուրախացնես, մալ ու դովլաթ ի՜նչ զատ ա, երբ սիրտը իր ուզածը չի՛ ճարի, իր ղսմաթին ռաստ չի՛ գա: |
Սա՛րեր, ձո՛րեր, ա՜յ սուրբ Ծաղկեվանք, ա՜յ Մայր Աստվածածին՝ ա՜յ Հայոց լիս աշխարհ, լիս հավատ, դուք սրանց քոմակ ըլիք, սրանց արևը պայծառ պահե՛ք, ես մեղավոր եմ, սևերես, — Ասեց բարեգութ հերն ու երկու զավակին էլ խտիտն առավ: |
— Քո մուրազն էստեղ պտեր կատարվիլ՝ Վանի ջան, — մերը աչքը երկինքը քցեց, երեխեքանցը դոշին կպցրեց: |
— Հռիփսիմես նո՛ր գտա, փառքըդ շատ ըլի՝ Աստված. որդիքս էլ եդ ջխտվեցին, էրնակ իմ աչքին, իմ արևին, էլ ի՞նչ դարդ ունիմ: |
Սո՛ւրբ Ծաղկեվանք՝ թող՝ արտասունքս քեզ ասի, թե սիրտս ի՞նչ հալի ա: |
էսպես հրեշտակին ճարողը, որ դո՛ւ մեզ ռաստ բերիր, դո՛ւ մեզ բաշխեցիր, էլ ի՞նչ դարդ կունենա աշխարքումս: |
էկե՛ք, ձեր ջանին մեռնիմ, էկե ք, ձեզ մի՛ դոշիս կպցնեմ, սիրտս հովանա: |
Աստված՝ ինչպես տվի՛ր, էնպես պահի՛ր: |
Սուրբ աղոթարանը հենց էն ա կարմրատակել, ճկճկում էր, որ մեր սիրահարքը աոաջին անգամը իրանց օրումը կարող էին իրանց մտքումը հաստատ ասիլ, թե ինչ իրանց սիրտն ուզում էր, ճարեցին: |
Երկուսն էլ ամոթու, սիրու՝ կրակ էին դառել, վըռշնել, աչքըները գետինը քցել, սիրտըները ծածուկ իրար գլխով պտիտ էին գալիս: |
Առավոտու աստղն ու հովը՝ հազար տեսակ լիս ու հոտ նրանց երեսովն, շնչովն էին տալիս, ու նրանց բերնի ու սրտի անուշ հոտը ծաղկներին, սարերին, վերջ ամենայնի երկնքին տալիս: |
Լեզվով ե՞րբ կարեին ասել, երբ կհամարձակեին, ինչ որ նրանց մտքովն անց էր կենում: |
Նրանց ուզածը էս սհաթին, յա մեկ խոր քարափ էր, յա մեկ մութը մեշա, կամ մեկ հով՝ ծառի քոլգա, կամ մեկ ծաղկավետ ջրի, աղբրի ղրաղ. չայիր, չիման՝ որ ձեռ ձեռի տված նստին, ո՛չ խոսան, ո՛չ ծպտան, ո՛չ ուտեն, ո՛չ խմեն, հենց էնպես իրար նայեն, իրար սիրեն՝ ու ծառ ու թուփ, խոտ ու ծաղիկ, ջուր ու քամի՝ նրանց վրա խնդան, նրանց հետ ծիծաղին: |
Ա՜խ՝ ո՞վ չի առաջին սերի համը տեսել, հարարաթն իմացել՝ որ էլ երկարացնեմ: |
Ո՞ր անմեղ սիրտը չի՛ վկայիլ՝ թե էս երկնային կրակը, որ սֆթա մարդի հոգին վառում ա, մարդ՝ երկրումը ման գալիս, երկընքումն ա իրան կարծում: |
Քունը սազ ու քյամանչա յա դառնում, միտքը վարդ բացված, անմահական դրախտ, ապառաժ քարն էլ սիրտ ա աոնում՝ մեզ ավետիք տալիս: |
Սիրտդ հազար բան ա ուզում՝ սիրելուդ համար անի, ասի, լեզուդ, ձեռդ չի՛ զորում, շատ անգամ մարդ տխրում, սարե սար է ընկնում, թե տեսնի՝ սիրելին էլ կը գա, նրա վրա կցավի՞, նրան միտքը կբերի՞, թե սար ու. ձոր իրան կուտեն: |
Ամսով հետը նստած վախտն էլ, որ պետք է հեռանաս, հազար անգամ սիրտդ քաշում, երեսդ ինքն իրան շուռ ա գալիս՝ որ մեկ էլ եդ դաոնաս, մեկ էլ սիրելուդ շունչն առնիս, ոտը համբուրես: |
Էս հալումն էին մեր անմեղ սիրահարքը, որ հանկարծ, մեկ էլ որ աչքըները չի՛ բաց արին, ողջունի ձենն ընկավ անկաջները, ու ինչպես մեկ խոր, անուշ քնից երկուսն էլ վեր թռան, երբ մոտըների կանգնողները՝ գլխները մոտացրին՝ որ ողջուն տան, ողջուն առնին: |
«Ա՜խ՝ թե էս մտքով էին առաջին մարդիկը ասում, «ողջոյն տո՛ւք միմեանց ի համբոյր սրբութեան», հրեշտակ էին նրանք, ու ո՛չ մարդ, երկուսն էլ մտքըներումն ասեցին: |
Գիշերվա ժամը, պատարագի կեսն էլ անց էր կացել, մատաղների աղն օրհնել, պղնձները վրա էին դրել, եկեղեցին դառել էր լիս, խնկի, կնդրկի հոտը հոգի էր թմրացնում, մեր սիրահարքն էնտեղ կանգնած՝ ոչինչ չէի՛ն իմացել, ողջուն տալիս էլ՝ նրանց սիրտը հենց մեկ թըպրտաց ու էլի մտավ իր անուշ երազը: |
Նրանք մինչև վերջը՝ է՛ն էին տեսնում, որ մեկ լուսաթաթախ հոգի՝ անմահական հոտով, վարդապսակով զարդարված՝ նրանց գլխին պտիտ էր գալիս, նրանց սիրտը հետը տանում, նրանց աներևութաբար ասում՝ որ արդար սերը աշխարիցս չի՛, երկնքիցն ա էկել, որ էլի մեզ երկինքը տանի, թե մենք նրա սրբությունը անարատ, անխախտ պահենք, մեր սիրտը չարին չտանք: |
էս երազումն էին՝ որ բիրդանբիր խալխը իրար գլխով դիպավ, նրանց զարթացրեց: |
Ժամի մեջտեղը մեկ ձեն էր դուս գալիս, որ ավելի հոգու ձենի նման էր: |
Հազար թաքուն խորհուրդ, հազար մուրազ, խնդիր, մեղք էնտեղ էին լիս ընկնում: |
Վանու, Փարիխանի անունն էլ որ չտվին, նրանց միսը սրսռաց, խելքները թռավ: |
Բայց էս խորհըրդավոր ձենը՝ նրանց օրհնում, գովում, սրբի կամքը հայտնում էր, թե «Էնպես սեր ոսկեգրով ա երկնքումը գրած՝ երբ մարդ սրտին կհետևի, և ոչ մալի՛ կամ դոլվաթի, աղքատի աչքը կսրբի, և ոչ հարստի արծաթին թամահ կանի, խղճին, եթըմին կբախտավորի, ու ո՛չ շենին էլ կխղճացնի, սիրով սերի գինը կիմանա, ու ո՛չ փողով, դրամով կառնի»: |
Էս ձենը ընկնավորի խոսքն էր՝ սիրելի՛ կարդացող, դու լավ գիտես՝ որ նրան հոգին ա տուն տալիս, նրա ասածը միշտ ճշմարիտ ա ու անպատճառ կատարվում ա: |
Ի՜նչ կերպով, Էդ իմ բանը չի, որ հարցնեմ, Աստուծո հրաշքը անքննելի ա, ես ո՞վ եմ, որ իմանամ, բայց դու լավ գիտես՝ որ ընկնավորի հոգին ա խոսում, ու ո՛չ բերանը: |
Ժամը դուս գալով էր, որ խալխը կրկին իրար գլխով դիպան. Էլ պատ, էլ քար չէ՛ր մնացել, որ չհամբուրեն, երեսները չքսեն, շատ հարսն ու աղչիկ իրանց դոշի շարքն ու ճտի զինքսն էին էստեղ, էնտեղ՝ գանձանակի տեղակ վեր դնում: |
Քանըսի, ա՜խ՝ քանըսի սիրտը սհաթի չարխի պես տպտպում էր, երբ էն ջրի տակն էր գնում, որ օջոռքիցը նրա վրա յա կաթում, ում մուրազը պտեր կատարվիլ: |
Ով երկու հոգիս էր, տղա պտեր բերիլ, ով ազափ, իր նասիբը ճարիլ՝ հետ դառնալիս: |
Շատի արտասունքը ուրախությունիցն էր կաթում, շատինն էլ տրտմությունիցը՝ որ ջուրը նրա վրա չէ՛ր կաթել: |
«Իմ մեղքը շատ ա հալբաթ՝ որ Աստուծո ռահմն էլ, սրբի գութն էլ ինձանից պակասել են», էստով էին իրանց մխիթարում էս մուրազից ընկած ջրատարները: |
Քանի աչք մեր Վանուն ու Փարիխանին էրնակ էր տալիս, ո՜վ կարա պատմիլ: |
Բայց նրանք դեռ էլի ո՛չ իրար հետ նստիլ կարող էին, ո՛չ խոսալ, ո՛չ մտիկ անիլ, չունքի սուրբ պսակն ու խաչ ավետարանը միայն կարեն էս իշխանությունը տալ, բայց հենց էս էր, որ նրանց էրում, փոթոթում էր. սրտըներն ուզում էին իրար կպչի, ազգի օրենքն ու ադաթը չէ՛ին թողում: |
Ժամը դուս էկավ: |
Կերակըրները հասել էր, հարիր տեղ խալխը բոլորեշուրջ, ջոկ ջոկ նստած՝ քեֆ էին անում, իրանց օրը խոշ անում: |
Թվանքի, զուռնի, սազի ձենը երկինքն էր հասել: |
Սար ու ձոր ցնծում էին, բայց մեր սիրահարքը էլ էս աշխարքումը չէին, որ էսպես հասարակ բաներին մտիկ անեն: |
Նրանց համար աներևույթ սազի ձեն էր գալիս, էն օրն էլ էս սրտով, էս քեֆով անց կացրին, րիգնաժամը, մյուս օրվան աղոթքն էլ արին, ու ամենը մեկ կտոր օրհնած հող, խաչալվա, ու իրանց տան մնացողների մատաղի փայը՝ հացում, շորում, շուշում՝ վերցրին ու հազար անգամ ա՜խ քաշելով, էրի քարերը համբուրելով, երեսներին խեչը հանելով, դոշըներին ծեծելով՝ կամաց, կամաց ճամփա ընկան, ու դեմը գնում, դեմը երեսները շուռ տալիս՝ Ծաղկեվանքա սարին մտիկ տալիս, աղոթք անում, ա՜խ քաշում, աչքըներին հուփ տալիս, բերանները բաց անում: |
Արեգակը մեր մտնելով էր, որ մեր ուխտավորաց ծերը՝ փետի կարմնջի մոտ Զանգվի ղրաղն հասավ: |
Ո՛վ Ծարավ աղբրի գլխին մեկ անգամ նստել ա, կուզի որ սաղ տարի էնտեղ իր օրն անց կացնի: |
Մեկ խաչի, սրբի զորություն էլ սա ունի: |
Սրանից էլ թուրք ու հայ, ով հավատով մոտանա, իր մուրազն ստանում ա: |
Ջրին մտիկ անելիս՝ հազար բան ա ընկնում աչքովդ. շարք, փող, երկաթի կտոր, մեխ, ուլունք, ի՞նչ ասես՝ որ նրա միջումը չկա. որ բարեպաշտ ուխտավորը՝ էկել, մեջն ա քցել, ուխտը կատարել, գնացել: |
Աղբրի գլխի քարը հո՝ սաղ տեղ չունի, էնքան մեխ ա մեջը ցցած: |
Ով սրանց ձեոը տա, միջիցը հանի, ձեռը կչորանա, էնքան ա սրբի հրաշքը: |
Քանաքռու տակիցը մեկ քսան ոտը Զանգվի ղրաղիցը հեռու, աջու կողմիցը՝ մութը շվաքի տակին դուս ա գալիս էս անմահական աղբյուրն ու, հանդարտ. մարմանդ՝ գնում, Զանգին թափում: |
Նհախ տեղը չեն անունը Ծարավ աղբուր դրել, որ համ հոգով ա մարդիս ծարավը կոտրում, համ մարմնով: |
էստեղ էր՝ որ պարոն Կարոն իր օղլուշաղի ու բարեկամների հետ՝ մտավ, բարդ, բուրգ վեր ածիլ, կրակը չաղ անիլ տվեց, որ վերջին գիշերն էլ էնտեղ քեֆ անեն: |
Վաղուց էր նա սրտով ուզում, որ էս աղբրի համը մի առնի: |
Շատն ասեցին՝ որ էնտեղ չմնան, չունքի ոտի վրա էր, ու ղրաղ տեղ, թուրքերն էլ հո՝ գիլի պես էին ղժվժում գիշեր, ցերեկ էս ձորերումը: |
Բայց ռես Կարոյի անկաջը չմտավ: |
«Տասը ձիավոր մենակ է՛ս թրիս ղուրբան կանեմ, ի՞նչ եք վախում», նրանց ասեց: |
Վանու սիրտը՝ հենց գիտենաս՝ իմանում ըլեր, որ նրանց գլխին մի բան ա գալացուկ, բայց հորիցը քաշվում էր: |
Փարիխանին մտիկ տալիս, սար ու ձոր նրա գլխին լալիս, վա՜յ էր տալիս, բայց ի՞նչ կարեր անիլ: |
Հենց գիտես՝ Զանգին նրան ասում ըլեր,— «ա՛ռ սիրելուդ, նստի՛ր վրես՝ ձեզ տանիմ մեկ թաքուն տեղ, էս տեղ ձեր մահն ա, ո՞ւր եք կանգնել». բայց էլի հենց էս ֆքրումը՝ որ Զանգվի փրփրած ղրաղին չէր կանգնել, ու դեմը ջրին նայում, իր աչքի գետը բաց թողում, դեմը իր սիրելուն երեսը շուռ տալիս, ծուխը քթովը հանում, մեկ ձեռ որ ճտովը չընկավ, երկու գազ ծուլ էլավ: |
— Տո գիժ ես, գիժ. իմ տղեն ըլիս, ու է՞դ սրտի տերն: |
Մթնագիշերի՞ցն ես վախենում, թե Զանգվի խըշշալուցը. ջահելի գլխին խե՞լք կըլի: |
Գդակդ կոտրի՛, բա՛ց քնի: |
Քանի իմ ջանը սաղ ա, քեզ ո՞վ մեկ խեթ աչքով էլ ա մտիկ կանի: |
Արի՛, արի՛, գնա՛նք, քեֆ անենք: |
Գեղը հասնինք, քեզ էլ քո մուրազին կհասցնեմ, էդուր համար ի՞նչ ես դարդ անում,— էս ասողը Վանու հերն էր: |
Քարը ջուղաբ կտար, բայց Վանու բերնիցը մեկ խոսք էլ ա դուս չեկավ: |
Գիշերվան մութը ձորամեջը խավարացրել էր: |
Ամեն մեկ քարափ ու էր՝ բերանները գազանի պես բաց արել, մտիկ էին տալիս: |
Կրակը ճրճըթալով՝ որ մուխը քուլա քուլա չէ՛ր բարձրանում ու բոցը ծառերին, ջրերին տալիս, հենց իմանաս՝ հազար տեղից՝ թուլի, հարամի, սատանա, քաչկեր՝ ատամները ղնջրտացնում, թրերը սրում՝ հազրվում ըլեին, որ բիբադի նրանց վրա թափին ու հոգիները առնին: |
Երկինքը, ղորդ ա՝ պարզ էր, բայց Աբարանու դհիցը մեկ սառը քամի որ վախտ վախտ չէ՛ր փռնչալով՝ էս քարերի գլուխը ծեծում, տերևները խշշացնում, հենց իմանաս՝ բոլորը բերան էր առել ու ձեն տալիս, որ ամեն մարդ իր գլուխը պահի: |
Բայց սազի ու դայրի ձենը մեկ դհից, Զանգվինը մյուս կողմից՝ էնպես էին մեր ուխտավորների միտք ու ականջ բռնել, որ թոփ տրաքեր մոտըներին, չէին իմանալ, չէին տեղըներիցը ժաժ գալ: |
Սիրտըներն էլ հո՝ ուրախ էր, ուրախ, էլ ի՞նչ էր պակաս: |
Բայց ա՜խ՝ մարդ էն տեղը պտի միշտ օյաղ կենա, իր գլխի թադարեքը տեսնի, որտեղ որ կարծիք չունի: |
Շատ ու քիչն Աստված գիտի, թե ի՜նչքան վախտ էր անց կացել, գիշերվա ո՜ր տեղն էր, հենց էն էր ուզում ռես (տանուտեր) Կարոն իր թասը խմի ու որդուն, հարսին օրհնում էր, մեկ թվանք որ չի՛ գոռաց, սար ու ձոր զարզանդեցին ու քսանից ավելի ձիավոր, փիադա Թարաքյամա թուրըները պլոկած՝ յարաղ ասպաբ՝ կրակիս տալով՝ վրա թափեցին: |
Աստված ո՛չ շհանց տա. սար ու ձոր ոտն առան, որ փախչին, պրծնին, բայց մեր ողորմելի ուխտավորների համար ո՛չ փախչելու տեղ կար, ո՛չ ծածկվելու, անիրավ կրակն էլ՝ նրանց աչքըները բռնում, հարամուն պահում էր, իրանց լիս քցում: |
էսպես վախտը կիմացվի՝ թե տղամարդն ո՛վ ա, ո՛ւմ գլխումը խելք կա, կռնումը հունար: |
Ում էն շորշոփն դիպչեր, Էնպես վախտին, հոգիս էլ հե՛տը կտար, բայց Աստծուն փառք, թվանքի գյուլլեն անկաջին քսվելով՝ որ անց չի՛ կացավ, քաջն ռես Կարո ասլանի պես տեղիցը վեր թռավ ու ընչանք թուլին ձեռնե ձեռը կհասներ, նա էլ իր դասթեն հազրեց ու տասն րոպե չքաշեց, թուր էր՝ որ չրխկում էր, արին էր որ շլթկում, ծկլակին տալիս: |
Աստուծո ողորմությունիցը մեր տղերքը մեկ տեղ Էին, թուր ու թվանք գլխավերևները՝ ծառերիցը քաշ: |
— Տղերք՝ ձեր արևին ղուրբան՝ մենք ուխտից, սրբի դռնիցն ենք գալիս, էս անիծածները՝ թուլությունից, հարամությունից: |
Տվե՛ք, ջարդեցե՛ք՝ սրանց Էկած ճամփեն քոռանա: |
Ով իմ գլուխը սիրում ա, իմ հացը նրա աչքը բռնի, թե ձեռը եդ քաշի: |
Գեղամիջին են սրանք ղոչաղ, չունքի ձեններս կարճ ա, էսպես տեղն ո՛վ կհարցնի: |
Հարաքյաթ արե՛ք՝ ձեր ջանին մեռնիմ: |
Քարերի տակը մտե՛ք՝ օղլուշաղներիդ մեջ արե՛ք, թե մենք կկոտորվենք, էն ժամանակը նրանց ճարն էլ՝ Աստված: |
Ես ձեզ չլսեցի, ամա էս էլ մեկ ջոկ քեֆ ա, մեկ քանի շուն էլ ա կսատկացնենք, թո՛ղ՝ մեռնինք, սրտըներումս էլ ա դարդ չի՛ մնալ: |
Իրեքը առաջիս թավալ են տալիս, ձեզ տեսնիմ, Ծարավ աղբրին էլ մեկ օր թուրք մատաղ անենք, մեզ վրա չի՛ բարկանալ, չվախի՛ք: |
— էս ասողը ռես Կարոն էր: |
Նա որ էս սրտին էր էն ծեր տեղավ, Վանին ու նրա իգիթ ընկերները ի՞նչ հալի կըլեին: |
Քսանից ավելի էլ սրանք էին. բոլորը ջոկովի տղերք: |
Հայն արինը աչքը չառնի, թե չէ սար ըլի առաջին, չի դիմանալ: |
Կրակը հենց էն սհաթին ոտնատակ տվին, երբ հարամին վրա տվեց, ու ամենը մեկ քարի տակ մտան: |
Թվանքի գյուլլեն կարկտի պես էր վեր թափում: |